38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ակնաղբրաջրերի նման լեռնալանջերով հոսում ու բուրում են բանաստեղծի բառերը

Ակնաղբրաջրերի նման լեռնալանջերով հոսում ու բուրում են բանաստեղծի բառերը
14.09.2012 | 11:47

Սարակուրծք կերած մեր ակնաղբրաջրերը ոչ միայն հանգաբան-բառեբան հոսում, այլև զգլխիչ բուրում են: Հոսում-բուրում ու գիշեր-ցերեկ գուսանություն են անում: Ցավը տանեմ մեր սազանդար սարերի ու ջրերի: Իսկ գարնան սերեր կապած ձյան ջրերը ի՞նչ ձեն-ձենիկ երգեր են նվիրում էն սար ու ձորերին, որով կտրում-անցնում են իրենց բաժին սիրո ճամփան: Մեր սարաշխարհը դառնում է սիրանույշ: Սո՛ւս` ականջ արա ու լսիր երկիր-երկնքիդ գրաբարն ու բարբառը, քո հայոց ժողովրդաբանական հմայքը: Գարունը կոկոնում-ծաղկում է: Եվ շարմա՜ղ-շարմաղ կոկոն անձրևները, ավելի ճիշտ, անձրևի կոկոնները ձայնագույն բացվում են երկրի վրա ու մարդկային սիրո երակներում, և կուսաթախիծ պայթում են բնության կախարդիչ ձայները: Ե՛վ ծաղիկ-ծաղկունքը, և՛ ծաղկունքի լեզուն երկիրը երկիր են դարձնում, մարդուն մարդ են պահում, անտես մի ձեռք մեր աչքերի փառ-խուփն է վերցնում, հիշեցնում, որ մարդ ենք եղել ու ծովական ու ծովականչ, սարասեր ու լեռնակապ լեզու ենք ունեցել: Ճի՞շտ եմ, սխա՞լ եմ, չգիտեմ, բայց տաղանդաշատ գրող ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ իր ամեն մի գրքով մեր սար ու ձորերին մի-մի սար ու ձոր է ավելացնում` օժտելով բանագրարվեստի զուլալությամբ, ու էնքան պարզ ու մտերմիկ, որ ուզում ես կանչել` սա Վազգենասար է, սա Վազգենաձոր է, և նա էնքան է սիրում սարերի բարբառը, որ զգում ես` նա իր լեզուն թրծել է ծաղկունքի, հոգսի, մայրական գթառատ հույսի ու հույզի մեջ: Եվ բանաստեղծը իրեն չէ, այլ նաղաշ Հայաստան երկրին նոր գույն ու ձայն է ընծայում: Սա գուցե հասուն տարիքի մարդու մեջ հանկարծորեն արթնացած ջահել խրխի՞նջ է, զգացում, որ միայն հայրենի եզերքը կարող է բուռ-բուռ լցնել ամառակալ քո հոգին: Սար ու ձոր, արտի ճամփա ու հնամենի բարբառահամ գգվանքն ավելի խորացան մեջս, երբ մեղվագվվոց-մեղրաքամ պատարագ առա նրա նոր գրքից, որ մեր տիրույթին ոչ միայն վայելուչ անուն ունի` «Գիշերվա նախերգանք», այլև ամբողջ գիրքն է մի հայահամայնապատկեր, թախծի, կարոտի, հավատի մի սիմֆոնիա է հնչում, որի հեղինակները` սարերը, ձորերը, հացը, սերը հեղինակակից են դարձրել իրենց զավակ Վազգեն Առաքելյանին: Քիչ է ասել, թե տաղանդախոս գիրք է, սա տաղերգու բանաստեղծի, գրողի, մտածողի, հայերգուի, դաժան մանկություն ունեցողի, գյուղի ու սարերի ճամփաների որբանալը տեսած հայ մարդու սրտի արյան ազնիվ խռովքն է, որ դարձել է նախերգանքված «Հայերգություն», «Խաչքար մայրիկիս», «Սիրո մեղրակաթը», շարականներ, որ ամբողջության մեջ գիրքը ներկայացնում են որպես մի հին ու նոր վանական համալիր` լեզվի շքեղ կառույցով: Էս գիրքը, ես կասեի Վազգեն գրչի, քերականի հայոց պատմությունն է` ակունքում Նոյ նահապետ ու հին ճամփա ընկած մի հին ժողովուրդ, որ ծնվելիս, զոհվելիս, երազելիս մնում ենք մեզ նման: Բանաստեղծը ոչ միայն իր ժողովրդի անցած ճանապարհի, այլև հենց պատմության տերն ու վկան է, հենց տխրության, ցավի, կարոտի, հառնումի, հավատի, լեզվի տիրակալը: Կյանք է: Մտքիդ հետ ես ընկնում, փորում-քչփորում ես ու… հող ես գտնում: Հող ես գտնում, հողերեն ես մտածում, որովհետև մեր կորցրածը երազ է եղել, հող է եղել, եզերք է եղել, մարդ է եղել: Փորում-քչփորում ես ու… հանք ես գտնում, հանք, որ կոչվում է բառամթերք: Բանաստեղծի հենց առաջին երգերը վկայում են, որ նա հողեղեն է եղել անգամ եթերում, ոսկի և արծաթ է գտնում հենց լեզվաբառի մեջ: Շերտատում է, տողատում ու դառնում է տերավոր ճորտ: Նա ժողովրդական բանահյուսությունից` ճամփեզրերի մնացած փշրանքները հավաքում է ոչ թե ձեռափով, լեզվով, կասեի` աչքերով: Սարամերան, ծովամերան, հողամերան գիրք է: Սարամերան, ծովամերան, հողամերան, որովհետև գիրքը լցված է մայրական շնչառությամբ` բանաստեղծին դարձնելով մայրերգու: Մայրական շնչառությունը լեզուն է, մոր լեզուն հավատ ու համբերություն է ժառանգում: Հրաշալի ժառանգություն, խրատանի, որի մեջ փայլատակում է ժողովրդի իմաստասիրությունը: Մոր ամեն մի խրատ-խոսքը բանաստեղծ որդու համար դարձել է մայր լեզվի պահոց, դպրության շտեմարան: Հայոց լեզու ենք ասում, բայց լեզուն հենց բանաստեղծի մայրն է, որն իր գլխաշորում հուշերի շարակնոց ունի` ամեն թերթի լույս է կաթել: Աղոթարանի լույս:
Բանաստեղծի ծիրն էնքան անկեղծ ու մաքուր է, որ թվում է` քեզ սրբության ու մաքրության ճամփա ու դուռ է նվիրում: Ամեն մի բանաստեղծություն, հենց գիրքն ամբողջությամբ մեղվաբջիջ-խորիսխ են հիշեցնում: Ժողովրդական բառ ու բանի հմայքն է շողարձակում նրա ամեն մի գործում: Եվ զարմանալի մի զգացում իշխող դարձավ. թվաց, թե մերօրյա գրող Վազգեն Առաքելյանը ոչ միայն իր մայրուապուտատերին է աշակերտել, այլև ուղեկիցն է եղել մեր բանասացների, գուսանների, բանահավաքների, լսել է Գարեգին Սրվանձտյանցի ձայնը: Դրա համար էլ նրա` անգամ տխուր, հացապակաս ու արցունքաղի օր-տարիներին նվիրված բանաստեղծությունները շողարձակում են մի լույսով, որ կոչվում է լեռնցու սեր, կոչվում է անցվոր ճամփորդի հավատ: Ամեն մի բառ ու պատկեր մի բուռ ցորեն է դառնում, որ չգիտես` քո՞ առջև է շաղ տրվում, թե՞ արտատաղ կաքավ ու լորի: Եվ բուրող գույներ ու երանգներ ու ի՞նչ համ ու հոտ:
Վազգեն Առաքելյան գրողի, բանաստեղծի մասին լիության, գոհության, հիացմունքի խոսք են ասել ոչ քչերը` Վազգենի ու բոլորիս կուռք Հովհաննես Շիրազից մինչև բառապատկերահան բանաստեղծ Բագրատ Ալեքյան: Ինձ թվում է` գրչակից բարեկամներից, ընկերներից, հենց գրականագետներից առաջ տաղանդավոր գրողի մեծ վաստակի ու առաջին հերթին նրա լեզվամտածողության զուլալ ակունքների մասին պետք է խոսք ասեն լեզվաբանները: Նա շռայլ, գունեղ, ապրեցնող ու արբեցնող լեզու է պարգևում ընթերցողին: Ժողովրդական բանահյուսության, հենց հեքիաթի ու լեգենդի լեզվաոճով է իր բանաստեղծական գորգը հյուսում յոթանասունը բոլորած ազնվագույն մարդն ու գրողը: Անհայր մանկության դառն օրերը շալակն է առել ու… Մոր հրաշք կերպար, պապի հրաշք կերպար, լեզվի, բարբառի հրաշք կերպավորում ու… Սիրտս սիրով ու ցավով լցրիր, իմ դառն մանկության հուշերի մեջ արթնացրիր արդեն հեռացած ձայներ, մշակույթի ազնիվ ու ցելոտ մշակ, Վազգեն:
Սարալանջերի, ձորապռունկների աղբյուրներից թե ջուր եք խմել, թե տեսել եք` ինչպես են լեռնալանջերի աղբյուրները աչք դառնում հենց երկնքի համար, ինչպես են գարնան ձնահալոցքի ջրերը հոսում ու բուրում, ինչպես է մարդը կյանքը, օրը, հույսը կապում հողի հետ, ինչպես է Աստված բուռ-բուռ տալիս մեծին ու փոքրին, ավելի լավ կհասկանաք շնորհապարտ բանաստեղծին ու կասեք ձեր մտքում` Վազգեն Առաքելյանը իմ բանաստեղծն է լինելու նաև ինձնից հետո, եկող բոլոր օրերում:
Ես կարող էի բանաստեղծի «Գիշերվա նախերգանքը» գրքի մասին գրածս երկու տողը պատարագել ու սաղմոսել հենց բանաստեղծից քաղելով, օժտել խոսուն մեջբերումներով, բայց որքան էլ նժարեցի, աչքս կշեռք արի, հաղթողը մնաց բանաստեղծի անանց սերը առ հայրենի տունը, տան բոլորքում ապրող բարբառը:
-Ինչպես գութանը ցելերի վրա,
Գարնան ծուփ ցողը ծիլերի վրա,
Բառերդ շարիր,- մայրիկս ասաց,-
Հանց մարգարիտներ թելերի վրա:
Նա հենց էդ ազնիվ արվեստ-արհեստին է նվիրել իր կյանքը` դառնալով մեր բառ ու բանի նվիրյալ ճորտը, դառնալով ոչ միայն մեր քուրմի` Հովհաննես Շիրազի կենսագիրը, այլև մեր բառալեզվին ազնիվ արյուն տվողը: Դրա համար ձեռքս մեկնում եմ Վազգենին ու ասում. «Դու քեզնից վաղուց ես առաջ անցել, որի համար շնորհակալ եմ»: Մնում է ինքս իմ խոսքի վերնագիրը խմբագրելով նորից կարդամ` ձյան ջրերի ու ակնաղբրաջրերի նման սար ու ձորերից բխում ու քո սրտի մեջ բուրում, երակներով հոսում են բանաստեղծի բառերը` առաջին գրքերից մինչև էն գրքերը, որ դեռ նոր է գրելու:


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2555

Մեկնաբանություններ